Վահագնը հին հայկական դիցարանում պատերազմի, քաջության ու հաղթանակի, ամպրոպի ու կայծակի աստվածն է: Նա Արամազդի՝ հայոց գերագույն աստծու և Անահիտ դիցուհու հետ կազմում է սրբազան երրորդություն:
Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից է՝ վառվռուն ու խարտյաշ մի պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով: Նա ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա 3 բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը, բռնվել էին ցավով: Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելել է պատանի Վահագնը: Նրա ծննդյան ձոն-երգը, որը հնագույն առասպելաբանական հիմներգ է, գրառել ու մեզ է ավանդել Մովսես Խորենացին:
Հին հայերը հավատում էին, որ ամպրոպի ժամանակ երկնքում ծնվում կամ երկրի խորքերից երկինք են բարձրանում սև ու ամեհի վիշապներ, կուլ են տալիս Արեգակը, խավարով պատում երկինքն ու երկիրը և փակում երկնային ջրերի ճանապարհը: Այդ ժամանակ երկնային ծիրանի ծովից ծնված լուսեղեն Վահագնը հարձակվում է սև ու խավար վիշապ-հրեշների վրա, սպանում նրանց և Արեգակն ու երկնային ջրերն ազատում գերությունից: Այստեղից էլ՝ նրա «Վիշապաքաղ» մականունը: Ազատված երկնային ջրերն անձրևի նման թափվում են երկրի վրա, և երկնքում փայլում է պայծառ Արեգակը:
Որոշ աղբյուրներում և առասպելազրույցներում Վահագնը վկայվում է նաև որպես Արեգակ աստված: Արագած, Արեգունի, Մասիս, Վարագ և հայոց այլ բարձր լեռներ դիտվել են իբրև Վահագնի երկրային սրբազան կայաններ: Վասպուրականում տարածված մի ավանդազրույցի համաձայն՝ Արեգակը (Վահագնը) գիշերը ծովում լողանալուց հետո առավոտյան Վարագի գագաթից բարձրանում է երկինք, և նրան հարատև ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ, որոնք խորհրդանշում են կենդանակերպի 12 համաստեղությունները:
Վահագնի անվան հետ են կապել Ծիր Կաթին համաստեղությունը կամ, ինչպես հին հայերն են անվանել, Հարդագողի ճանապարհը: Ըստ ավանդության՝ Վահագնը ասորեստանցիների նախնի Բարշամից (Բել) հարդ է գողացել, որի մի մասը թափվել է երկնակամարում և հետք թողել, որն էլ կոչվել է Հարդագողի ճանապարհ:
Комментариев нет:
Отправить комментарий