Արենի բնակավայրը Երևանից հեռու է 110 կմ, մարզկենտրոն Եղեգնաձորից` 20 կմ: Համայնքը ծովի մակարդակից բարձր է 980 մ: Բնակավայրի տարածքը հիմնականում ընկած է Արփա գետի հովտի լայնացած մասում և ավտոխճուղու երկարությամբ զարգանում է դեպի հյուսիս և արևելք: Գյուղի եզրերը աստիճանաբար բարձրացել են դեպի գետահովտի զառիթափ լանջերը: Էկոլոգիական վիճակի սրություն բնակավայրում չկա, քանի որ չկան արդյունաբերական վտանգավոր օբյեկտներ և արտադրական համալիրներ: 2011 թվականի դրությամբ համայնքն ունի 543 տնային տնտեսություն, 2006 բնակիչ: Գյուղը թաղված է թթաստանների և մրգատու այգիների մեջ: Տների ճնշող մեծամասնությունը տանիքավոր է և հարմարավետ :
Գյուղի կլիման ցամաքային է, բայց գետից հանված ջրով գրեթե ամբողջ հողատարածքը ոռոգվում է : Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է` երկարատև, խոնավ, ամառը շոգ, չոր ու երկարատև է: Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները,աշունը տաք է, օրերը` քիչ ամպամած:
Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ: Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը, որը էականորեն նպաստում է արտագաղթի կանխմանը: Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է <<Արենի>> տեսակի հանրահայտ գինի:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, մշակույթի տուն, գրադարան:
Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է, ճանապարհային հանգույց և Շարուրի դաշտավայրից Վայոց ձոր մտնող կիրճը փակող ռազմական կետ: Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս` բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկ ճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին վեհաշուք եկեղեցին: Գյուղի տարածքում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ` Մագիլի և Թռչունների քարանձավները:
Комментариев нет:
Отправить комментарий